Շիրվանզադե Ալեքսանդր՝ Վերջին շատրվանը | |
Արտեմ Պետրովիլը մեծ շատրվանի առթիվ ճաշի է հրավիրել մի շարք հանքատերերի և գործարանատերերի: Ընդունարանը հետզհետե լցվում է հյուրերով, որոնք գալիս են ձախ կողմի դռնով:
Արտեմ Պետրովիչը երջանիկ է անսահման: Նա սպասում է Տիգրան Խալիֆյանին, որին համարում է օրվա հերոսը: Նա գնել է մի ոսկյա ծխախոտաման, ադամանդներով վերնագրել է տվել Խալիֆյանի անուն-նվերը, իսկ իր անունը վար և մտադիր է այսօր ճաշի ժամանակ հանդիսավոր կերպով նվիրել նրան: Նա ոսկե տուփը ցույց է տալիս հյուրերին, որոնք արտահայտում են իրենց հիացմունքը և գովում են երջանիկ նավթարդյունատերի բարությունն ու վեհանձնությունը: Թող այսուհետև էլ չար մարդիկ չաղաղակեն, թե կապիտալիստը չգիտե վարձատրել տաղանդն ու աշխատանքը:
Աննա Գասպարովնան անհանգիստ է: Աբալյանն ուշանում է: Թամարան ուրախ է այսօր առաջին անգամ: Վերջապես, նա պիտի հաճույք ունենա Տիգրան Խալիֆյանի հետ մի ուրախ սեղանի քով ճաշելու և կարող է ջարդել նրա սրտի սառույցը: Նա ստեպ-ստեպ նայում է թևի ժամացույցին: Նա մի քանի վայրկյան ևս, և ահա ձախ դռների մեջ երևում է Խալիֆյանը: Ընդհանուր զարմացում: Օրվա հերոսը հանդիսավոր ճաշկերույթին եկել է աշխատանքի նավթաթաթախ և մրոտված հագուստով, վիրավոր ձեռքը կրծքին կապած: Ավելի մեծ զարմացում, երբ նրա ետևից ներս է մտնում կաղեկաղ Օսմանը և կանգնում է դռան առջև: Այնուամենայնիվ հյուրերի մի մասը ծափահարում է. Խալիֆյանն անտարբեր է դեպի ձափերը, մի քանի քայլ առաջ է շարժվում և ասում է,
— Արտեմ Պետրովիչ, դուք ինձ հրավիրել եք ճաշի: Շնորհակալ եմ: Բայց թույլ տվեք ասելու, որ ես եկել եմ իմ վերջին հրաժեշտը տալու: Ես հրաժարվում եմ իմ պաշտոնից:
— Հրաժարվո՞ւմ ես... Հազիվ կարողանում է արտասանել Արտեմ Պետրովիչը:
Թեթև իրարանցում հյուրերի մեջ:
Շտապ քայլերով ներս է մտնում Աբալյանը և հայտարարում է.
— Ամբողջ բանվորությունը գործադուլ հայտարարեց: Սև քաղաքի բանվորությունը գալիս է քաղաք: Ահա, նայեցեք:
Նա ետ է ձգում խորքի դռների վարագույրը: Բոլորը նայում են դեպի փողոց և սարսափահար ետ են կանգնում : Խալիֆյանը, բռնելով Օսմանի թևն, ասում է.
— Գնանք, Օսման, միանանք մեր ընկերներին:
Գնում են:
Թամարան, ուշաթափվելով, ընկնում է Անֆիսայի գիրկը:
Արտեմ Պետրովիչը և բոլոր հյուրերը գունատվում են:
ՎԵՐՋ